Հունվարին 454 հարկ վճարող խախտել է ՀԴՄ-ի կիրառման կանոնները
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։
2026 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում է արձանագրվել է 454 հարկ վճարողի մոտ, և տուգանքի չափը կազմել է շուրջ 171․1 մլն դրամ։ Արձանագրված խախտումներից 9 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ շուրջ 51 մլն դրամի չափով:
Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 60 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 43 մլն դրամ։ Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման դեպքով 14 հարկ վճարող տուգանվել է 28.5 մլն դրամով:
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 18 հարկ վճարողի մոտ: Արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 6.6 մլն դրամի չափով տուգանք:
Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերը հրապարակվում են ՊԵԿ պաշտոնական կայքում։
