Վահագն Խաչատուրյանը և ՀՀ-ում ՄԹ դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Այս մասին  Petutyun.com-ին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել նրա ջանքերը՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում:

Դեսպան Գալագերը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ տեղ ունի իր սրտում և հետագայում ևս կշարունակի լինել Հայաստանի բարեկամը։

Զրուցակիցները կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը և ընդգծել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցության հնարավոր ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը հաջողություն է մաղթել Ջոն Գալագերին իր հետագա գործունեության մեջ։

You may also like...