ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 25 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը թիվ ՀԿԴ/0007/02/22 քաղաքացիական գործի նոր քննության արդյունքում 2025 թվականի հոկտեմբերի 7-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25 միլիոն 252 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս։

Նշենք՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ՝ Վճռաբեկ դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը և բեկանել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի փետրվարի 29-ի որոշումը՝ գործն ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

Ըստ գործի փաստական հանգամանքների՝ վնասը պատճառվել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և «Գուգարք» ընկերության միջև Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» 2007 և 2008 թվականին կնքված պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հետևանքով:

Դատարանը հիմնավոր է համարել Հասմիկ Պողոսյանի կողմից երկու պայմանագրերի կապակցությամբ հակաիրավական վարքագծի առկայության վերաբերյալ դատախազության փաստարկները և բավարարել է հայցը:

You may also like...