Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է
Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ հայտարարություն կամ որոշում՝ Հայաստանում ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ։ Տարածվող տեղեկությունը հանդիսանում է նպատակային ապատեղեկատվություն։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
«Տվյալ կեղծ լուրը կրկին շրջանառվում է նույն աղբյուրից՝ թուրքական ծագում ունեցող, Լուգանսկի քաղաքացի, Ռուսաստանում իբր լրագրող «ակրեդիտացված» Օքայ Դեպրեմի կողմից, որի հրապարակումները նախկինում բազմիցս բացահայտվել են որպես կեղծ և մանիպուլյատիվ բնույթի։
Տեղեկատվության տարածման մեխանիզմը կրկնվող և համակարգված է․ Դեպրեմի կողմից շրջանառվող ապատեղեկատվական նյութերը նախ հրապարակվում են ադրբեջանական «Haqqin» հարթակում, ապա արագորեն տարածվում տարբեր սատիրիկ կամ կիսասատիրիկ կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով՝ հանրությանը մոլորեցնելու և արհեստական օրակարգ ձևավորելու նպատակով։
Կոչ ենք անում լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ստուգել տեղեկատվության աղբյուրները, չտարածել կեղծ և չհաստատված տեղեկություններ և չդառնալ տեղեկատվական մանիպուլյացիաների գործիք»,- ասվում է պարզաբանման տեքստում:
