Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել
Իրանը քննարկում է Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսելու ընդհանուր ուրվագծերը։
Այս մասին րագրողներին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները Թեհրանի և Վաշինգտոնի միջև առաջիկա օրերին Թուրքիայում բանակցություններ սկսելու հնարավորության մասին։
Ինչպես նշել է նախարարության ներկայացուցիչը, Իրանը գտնվում է «որոշումների կայացման փուլում» և «քննարկում է տարբեր ասպեկտներ և հեռանկարներ» այս հարցի վերաբերյալ:
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կարող են հանդիպել Թուրքիայում առաջիկա օրերին։
Փետրվարի 2-ին իրանական լրատվամիջոցները, հղում անելով կառավարական աղբյուրներին, հաղորդել են, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրամայել է սկսել բանակցություններ Միացյալ Նահանգների հետ միջուկային հարցի շուրջ։
Փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը լուրջ բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ և հույս հայտնել ԱՄՆ-ի համար ընդունելի համաձայնագրի հասնելու հարցում:
Նախկինում նա Թեհրանին սպառնացել էր ռազմական ուժով, ընդգծել, որ հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրանի ափեր:
