2025-ին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան 5,8 տոկոսով ավելի է 2024-ի համեմատությամբ
2025-ին Հայաստանում արտադրվել է 9 մլրդ 721 մլն կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա, ինչը 5,8 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա՝ 2024-ի ընթացքում:
Այդ մասին նախարարության՝ 2025 թվականի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Կարևոր արձանագրում է, որ մեր արևային կայանների թիվը շեշտակի աճել է:
Այս պահին էներգահամակարգում միացված են շուրջ 1100 մեգավատտ դրվածքային հզորությամբ էներգակայանները, աճը կազմել է 43 տոկոս:
Այդ կայաններից 50 հազարը և ավելին մանր տնային տնտեսությունների կայաններ են, որոնք հաճախ կարելի է տեսնել Հայաստանում ճամփորդելիս, և ընդհանուր դրանք շուրջ 650 մեգավատտ արտադրանք են տալիս, ինչը, էլի պիտի նշեմ, կարևոր ցուցանիշ է:
Քանակական մասով աճը կազմել է 60 տոկոս, հզորության մասով՝ 52 տոկոս»,- ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ շարունակվել է նաև էլեկտրաէներգիայի արտահանումն Իրան և Վրաստան:
«Ազատականացված շուկայի մասով կրկին առաջընթաց ունենք:
Էլեկտրաէներգիայի արտադրված ծավալի 33 տոկոսը վաճառվելու է ազատականացված շուկայում, ինչը կարևոր ցուցանիշ է մեզ համար»,- ասաց նա:
