Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը. Ռյուտե
Գերագույն ռադայում ունեցած ելույթում Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ համաշխարհային վերջին զարգացումները կարող են շեղել Ուկրաինայից ուշադրությունը, սակայն հարկավոր է շարունակել Կիևին աջակցությունը:
Նրա խոսքով՝ բարդ իրավիճակ է ստեղծվել, սակայն Դաշինքը երես չի թեքում Ուկրաինայից և պատրաստ է արագ օգնություն ցուցաբերել։
«Միացյալ Նահանգները, Եվրոպան և Կանադան պատրաստակամություն են հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, Հանրապետության աջակիցների կոալիցիան առաջընթաց է գրանցել դրանց մշակման գործում»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ռյուտեն հայտարարել է, որ հենց Մոսկվան և Կիևը խաղաղության համաձայնագիր կնքեն, արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունն օդում և ծովում։
Մոսկվայից արձագանքել են՝ Ուկրաինայում արևմտյան զինվորականների կամ ռազմական օբյեկտների տեղակայումը կհամարեն արտաքին միջամտություն։
«Դա անընդունելի է Ռուսաստանի համար, նման քայլը կգնահատենք որպես անմիջական սպառնալիք Դաշնության անվտանգությանը»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից:

