Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ։

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

3 անշարժ գույք,
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 4 անշարժ գույքի գնման իրավունք,
1 անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեքը,
3 տրանսպորտային միջոց,
4 իրավաբանական անձանցում մասնակցություն,
27 միլիոն 597 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
8 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

You may also like...