Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղին անցնում է Հայաստանով. վարչապետ

«Ապաշրջափակման համատեքստում գործնական չկա այնպիսի ճանապարհ կամ երկաթուղի, որի բացման կամ վերաբացման հարցը չի քննարկվում»։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք TRIPP-ի հետ կապված քննարկվո՞ւմ է երկաթուղու մի կարևոր հատվածի վերականգնումը, որը Իջևանը կապում էր ադրբեջանական երկաթուղուն:

«Այո, ընդհանրապես ապաշրջափակման համատեքստում գործնական այդպիսի ճանապարհ կամ երկաթուղի չկա, որի բացման կամ վերաբացման հարցը չի քննարկվում, իհարկե, քննարկվում է, բայց նաև հետևյալը պետք է հաշվի առնենք: Երկաթուղու այդ հատվածի մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ արդեն 30 տարուց ավելի Հաղարծին գյուղի հատվածում սողանք կա, որն ընդհատել է երկաթուղին, բայց դա լուծելի հարց է՝ կախված նրանից, թե ինչպիսի պոտենցիալ հոսքեր կանցնեն այդտեղով:
Եթե այդ երկաթուղին բեռնվածության պոտենցիալ ի ցույց դնի և շահութաբերության հեռանկար ունենա, դա կարող է տեղի ունենալ:
Ի դեպ, ուզում եմ ձեզ ասել, որ մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին հենց ձեր նշած երթուղին է, առավել ևս, եթե մենք Ֆիոլետովոյի հատվածում Իջևան-Հրազդան երկաթուղու ճյուղը միացնենք Վանաձոր-Գյումրի երկաթուղու ճյուղին, կստացվի, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երկաթուղային և ավտոմոբիլային ուղին նույնպես Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Ջաջուռ-Գյումրի-Ախուրիկ ամենակարճ ճանապարհն է»,- ասաց վարչապետը:

Ըստ վարչապետի՝ բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման երկաթուղային ուղին Արդբեջանով բաց է, և մենք այդ մասին ունենք Ադրբեջանի բարձրագույն մակարդակից հավաստիացում և հայտարարություններ:

«Խնդիրն այն է, որ սովորությունները շատ դժվար է փոխել: 40 տարի ավտոմեքենաներով արտահանումն էր, ըստ էության, մեր ամբողջ լոգիստիկ տրամաբանությունը կառուցվել է այդպես: Գնացքը պետք է բեռնվի, գնացքը չենք կարող մի վագոնով ունենալ. այն ենթադրում է առնվազն մի որոշակի ծավալ, և լոգիստիկ տրամաբանությունը մի քիչ պետք է վերադասավորվի, և ես պաշտոնապես ասում եմ, որ ժամանակն է, որ դա տեղի ունենա։
Այստեղ քննարկումների թեման կապված է տեխնիկական և տեխնիկատնտեսական նպատակահարմարությունների հետ և քաղաքական գործընթացների հետ էլ կապ ունի»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց՝ ինչքան ինստիտուցիոնալ դառնա խաղաղությունը, այնքան սցենարների զարգացումն ավելի հավանական կդառնա։

You may also like...