Մեկ հոգի վիրահատարանում մահացավ, երեքը այս պահին վիրահատվում են. 30-35 տարեկան են. մանրամասներ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ փետրվարի 18-ին, Երևանի Աջափնյակ թաղամասում հնչած կրակոցներից։

«Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 7 մարդ, որից 5-ը՝ շտապօգնության մեքենայով, 2-ին տարել են այլ մեքենաներով:

«Բոլորը հիվանդանոց են մոտեցել, նախնական գնահատականով, հրազենային վնասվածքներով՝ տարբեր ծանրության աստիճանի, հիմնականում վնասված կրծքավանդակի և որովայնի շրջանում՝ թափանցող վերքեր, թոքեր, որովայնի խոռոչի օրգաններ:

7-ից 2-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որից մեկը վիրահատարանում մահացավ, մյուս 6-ին ցույց ենք տալիս տարբեր բնույթի օգնություն, 3-ն այս պահին վիրահատվում են»,- ասաց Կուրղինյանը:

Ըստ վերջինիս՝ վիրավորների տարիքը տատանվում է 30-35 տարեկանի շրջանում, միգուցե 40, բայց ոչ ավելի մեծ:

You may also like...