Ազգային լեզուները և մշակույթներն իրենց մեջ յուրաքանչյուր ազգի պատմական փորձը, հիշողությունն են կրում․ նախարար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ։
Ուղերձում ասվում է․
2005 թվականից Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է փետրվարի 21-ը՝ որպես Մայրենի լեզվի միջազգային օր։ Մայրենի լեզվի իրավունքների պաշտպանությանը և աշխարհում մշակութային բազմազանության պահպանմանն ուղղված այս շարժմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատահական չէ։
Մեր կողքին ապրում, կրթություն ստանում, մեզ հետ աշխատում և բարիք են ստեղծում Հայաստանում բնակվող բազմաթիվ այլազգիներ։ Մայրենի լեզվով կրթություն ստանալու, ազգային ավանդույթները, կրոնը, լեզուն և մշակույթը պահելու և զարգացնելու նրանց իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածով։
Սակայն այսօրվա խորհուրդն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը լեզվական ու մշակութային բազմազանությունը որպես խաղաղ ու բարեկեցիկ կյանքի գրավական նկատի, այլ լեզվով հնչող խոսքն ու ավանդույթը հավասարապես հարգի՝ որպես համամարդկային արժեք։
Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն, իսկ ազգային լեզուներն ու մշակույթներն իրենց մեջ նաև յուրաքանչյուր ազգի պատմական փորձն ու հիշողությունն են կրում։ Դրանցով է ձևավորվում մեզանից յուրաքանչյուրի անհատական ու հավաքական ինքնությունը, իսկ դրանց հանդեպ ունեցած հարգանքով է հնարավոր ձևավորել հանդուրժողականության այն մթնոլորտը, որն անհրաժեշտ է խաղաղ ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար։
Ուրախ եմ հայտնելու, որ պետության ֆինանսավորմամբ 2026 թվականի հունվարի մեկից Երևանի պետական համալսարանում գործում է ՀՀ ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խումբ:
Առանձնահատուկ կարևորվում են նաև ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցմանն ու որակավորված մասնագետների պատրաստմանն ուղղված աշխատանքները, որի կապակցությամբ արդեն աշխատանքներ են տարվում Ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խմբի շրջանակում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման կենտրոն ստեղծելու ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Մայրենի լեզվի և մշակութային բազմազանության միջազգային այս օրը եկեք նշանավորենք մեզանից յուրաքանչյուրի ուշադրությամբ դեպի մեր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների լեզուներն ու մշակույթը, բայց նաև դեպի մեր բարբառներն ու դրանցով ստեղծված ժողովրդական մշակույթը, ճանաչե՛նք դրանք որպես մեր կյանքը պայմանավորող կարևոր արժեքներ»։
