Կարևոր է հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել․ Պարույր Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
Փետրվարի 19-ին Վաշինգտոնում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահ, ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Տնտսոցխորհի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի միջև խորհրդակցություններին՝ Զարգացման ֆինանսավորման 4-րդ միջազգային համաժողովի արդյունքների հետագա իրականացման վերաբերյալ։

Ինչպես հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից, իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը ընդգծել է հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածելու կարևորությունը՝ ռիսկերի նվազեցման գործիքների ամրապնդման, ազգային արժույթով վարկավորման ընդլայնման և իրական փոփոխությանը միտված ֆինանսավորման մոբիլիզացման միջոցով, որը կնպաստի զարգացող երկրների, ներառյալ՝ դեպի ծով ելք չունեցող և բազմաթիվ միջին եկամուտ ունեցող երկրների զարգացմանը, որոնք բախվում են կառուցվածքային սահմանափակումների, ինչպես օրինակ՝ Հայաստանը։
Դեսպան Հովհաննիսյանը կարևորել է ՄԱԿ-Բրետոն-Վուդսյան կառույցների միջև համակարգվածության և համադրության ուժեղացման անհրաժեշտությունը՝ Զարգացման ֆինանսավորման օրակարգի առաջմղման նպատակով։
