Պեկինը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար. Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

Պեկինը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան չինական ընկերություններին ներառել է հակառուսական պատժամիջոցների նոր ցուցակում։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

«Ուկրաինական ճգնաժամի հարցում Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս խաղաղ բանակցություններին աջակցելու օգտին և խստորեն վերահսկում է երկակի նշանակության ապրանքների արտահանումը»,- հայտարարել է Մաո Նինը՝ ի պատասխան լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Մեծ Բրիտանիայի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը, որտեղ ներառված են չինական ընկերություններ։

Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև բնականոն փոխանակումներն ու համագործակցությունը չպետք է ենթարկվեն միջամտության կամ ազդեցության։

«Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու իր օրինական իրավունքներն ու շահերը»,- հավելել է նա։

You may also like...