Բարդ իրավիճակ է մեր շուրջը, հատկապես այս ամենի ֆոնին կարևոր է ավելի խորացնել մեր համագործակցությունը. Կոբախիձե
«Բարդ իրավիճակ է մեր շուրջը, հատկապես այս ամենի ֆոնին կարևոր է ավելի խորացնել մեր համագործակցությունը»:
Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ հավելելով, որ 2 երկիրները և ժողովուրդները կապված են պատմական բարեկամական կապերով, և սա հիմք է ծառայում Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության համար։
«Իհարկե, մենք շատ ուրախ ենք և ոգևորված, որ շատ բարձր մակարդակի համագործակցություն ունենք, մշտապես շահագրգռված ենք մեր ռազմավարական գործընկերության խորացմամբ, մեր երկրների միջև ռազմավարական, բարեկամական կապերի խորացմամբ: Այս բարեկամության հիմքում փոխադարձ հարգանքն է, ընդհանուր շահերը»,- ասել է նա:
Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Վրաստանի ազգային շահերին, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելու համար:
«Հանձնաժողովի նիստի շրջանակում էլ գործընկերոջս շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Վրաստանին աջակցող բանաձևին սատարելու համար»,- հավելել է Կոբախիձեն:
