Երկկողմ ռազմավարական հարաբերություններից մինչև տարածաշրջանային հարցեր. հանդիպել են Փաշինյանն ու Կոբախիձեն
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Կարևորվել են առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը։
Այդ համատեքստում ընդգծվել է մարտի 4-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացումը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում։
Վարչապետները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ։
Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը։
