Իրանը ահաբեկչական գործողություն է իրականացրել. Ալիևը նման որակում է տվել ու ԱԽ նիստ հրավիրել
«Իրանը ահաբեկչական գործողություն է իրականացրել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Մարտի 5-ին նրա նախագահությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։
Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դպրոցը և այլ տարածքներ ենթարկվել են Իրանի կողմից գնդակոծության:
Ադրբեջանական պետությունը խստորեն դատապարտում է այս նողկալի ահաբեկչական գործողությունը, և այն կատարողները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։
Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան ադրբեջանական կողմին, պետք է ներողություն խնդրեն, և այս ահաբեկչական գործողությունը կատարողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Ալիևը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք էր ընկել:
Երկրի ԱԳՆ-ն հաստատել էր միջադեպը՝ խստիվ դատապարտելով այն ու նշելով, որ իրանական անօդաչուների հարվածներից տուժել է Նախիջևանի օդանավակայնն ու մոտակա դպրոցի շենքը․ կա 4 տուժած:
Նշվում է, որ հարձակումը եղել է «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարքով։ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպին՝ շեշտելով, որ Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա:
