Ադրբեջանը դադարեցրել է Իրանի հետ սահմանով բեռնատարների երթևեկությունը
Ադրբեջանի կառավարությունը դադարեցրել է Իրանի հետ սահմանով բեռնատար մեքենաների երթևեկությունը։
Նախարարական կաբինետը տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ որոշումը պայմանավորված է Նախիջևանի օդանավակայանի, դպրոցի և այլ շինությունների վրա հարձակումներով։
«Հաշվի առնելով իրավիճակը, որ ստեղծվել է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հակասող հարձակումների հետևանքով, նախարարական կաբինետը որոշել է ամբողջովին դադարեցնել Ադրբեջանի և Իրանի միջև առկա բոլոր անցակետերով բեռնատար մեքենաների երթևեկությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանը փակել է նաև Իրանին հարակից օդային սահմանը Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո։
Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել:
Երկրի ԱԳՆ-ն հաստատել է միջադեպը՝ խստիվ դատապարտելով այն ու նշելով, որ իրանական անօդաչուների հարվածներից տուժել է Նախիջևանի օդանավակայնն ու մոտակա դպրոցի շենքը․ կա 2 տուժած:
