Պատրաստ ենք հենց այսօր մեր գործող ճանապարհներով ապահովել տարանցումն Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ

«Արդեն 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված։ 2025 թվականը մեր անկախությունից, այսինքն՝ 1991 թվականից ի վեր դարձավ առաջին օրացուցային տարին, երբ Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ո՛չ զոհ է եղել, ո՛չ վիրավոր։

Արդեն ամիսներ է՝ սահմանամերձ բնակավայրի բնակիչները կրակոցների ձայներ չեն լսում»։

Այս մասին ԵԽ-ում ունեցած ելույթում փաստել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ավելին՝ անկախությունից ի վեր առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով, անցնելով նաև Վրաստանի միջով գնացք եկավ Հայաստանի Հանրապետություն։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները, և ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։

Մենք էլ մեր հերթին հայտարարել ենք, թե պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումն Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ, որովհետև սա կարող ենք անել այս պահին մեր գործող ճանապարհներով։ Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել։

Ենթադրում եմ նաև այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը գուցե բերի TRIPP նախագծի իրագործման ձգձգման։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին, և ինչպես տեսաք վերոհիշյալ մեջբերումից, որևէ կերպ չի նսեմացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։

Հիմա ուզում եմ ասել նաև, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ավտոմոբիլային կապը։

Այս մեր առաջարկը նպատակ չունի որևէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները, և ես սա ասում եմ պաշտոնապես։ Մենք այս առաջարկն անում ենք, որովհետև ինքներս ենք, ինչպես վերը նշեցի, մի փոքր այլընտրանքային տարբերակով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց։

Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի և հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը․ երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, որովհետև մեր երկրի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի և հյուսիսի միջև։ Ինչպես տեսնում եք, Հայաստանի և Ադրբեջանի սպասումները այս առումով չեն հակասում իրար։

Ասեմ նաև՝ մենք պատրաստվում ենք Վրաստան-Ադրբեջան երկաթուղին օգտագործել նաև արտահանումներ իրականացնելու համար։ Հույս ունեմ՝ առաջիկայում Հայաստանի համար արտահանման հասցե կդառնա նաև Ադրբեջանը։ Իսկ Հայաստանն Ադրբեջանից արդեն ներկրում է նավթամթերք, ինչը մեր շուկայում նավթամթերքի գների նվազման առիթ դարձավ և կոտրեց նավթամթերքի շուկայում տասնամյակներով հաստատված մենաշնորհները։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Վրաստանի վարչապետին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցությանը և ընդհանրապես խաղաղության գործընթացին աջակցելու համար»,- ասել է վարչապետը։

You may also like...