Կիևը և Մոսկվան շարունակում են փոխադարձ հարվածները
Կիևը և Մոսկվան շարունակում են փոխադարձ հարվածները: Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 90 անօդաչու թռչող սարք: Չեռնիգովի մարզում այրվել է մասնավոր տուն, զոհվել է 15-ամյա աղջիկ:
Խարկովի մարզում մարտի 11-ի երեկոյան ԱԹՍ-ի հարվածից մեկ մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել:
Եվս 40 մարդ վիրավորվել է Սումիի մարզում ոստիկանական բաժանմունքի վրա հարվածի հետևանքով:
Մարտի 11-ին զոհեր և վիրավորներ են գրանցվել Ուկրաինայի այլ շրջաններում ևս:
Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական 80 ԱԹՍ խոցելու մասին: Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչուի հարվածից մեկ մարդ է զոհվել:
Կրասնոդարի երկրամասում նավթաբազայի տարածքում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան: Իսկ մարտի 10-ի երեկոյան Բրյանսկի մարզում ուկրաինական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: 40-ից ավելի մարդ վիրավորվել է:
Մարտի 13-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կմեկնի Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման:
Երկու ղեկավարների քննարկման օրակարգում են եվրոպական երկրների աջակցությունն Ուկրաինայի պաշտպանությանը և Ռուսաստանի նկատմամբ ճնշման ավելացումը:
