Հակապետական պրոցես է հարկերը դեմոնիզացնելու փորձերը․ ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմ ստեղծել
Կան հարկեր, կա պետություն, չկան հարկեր`չկա պետություն:
Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին ծանոթանալուց հետո:
«Քաղաքացին թող տեսնի, թե ինքն ինչ նախագծեր է անում, որովհետև այս նախագծերը, անկախ նրանից՝ վարկային, թե ինչ միջոցներով, Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների աշխատանքի արգասիքն են։
Ամենամեծ հակապետական և վտանգավոր պրոցեսը համարում է այն, երբ փորձ է արվում դեմոնիզացնել հարկերը»,-ասաց Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը, ըստ վարչապետի, կախված է առաջին հերթին ոչ թե նրանից, թե ինքն իր բարեկեցության վրա ինչքան գումար է ծախսում, այլ կախված է նրանից, թե ՀՀ պետական բյուջեն իր բարեկեցության վրա ինչքան գումար է ծախսում:
Փաշինյանը նաև անդրադարձավ նրանց, ովքեր, ըստ իրեն, հարկերի դեմ խոսում են, աջ ու ձախ խոստանում են, թե հարկերից կազատեն:
«2018-ին, երբ եկանք, սկսեցինք ուումնասիրել շրջանառության հարկի հետ կապված իրադրությունը, տեսանք, որ Հայաստանում ինչքան խոշոր բիզնես կա, շրջանառության հարկի դաշտում գործող ձևական ընկերություններ ստեղծելու միջոցով իրենց փողերը լվանում է:
Մենք իրադրությունների առաջ կանգնեցինք, երբ սուպերմարկետների ամեն անցուղու վրա մի առանձին ԱՁ է դրած: Հենց այդ առանձին ԱՁ-ն մոտենում է շրջանառության հարկի շեմին, այդ ԱՁ-ն շպրտում են մի կողմ, ուրիշ ԱՁ են դնում և այդպես շարունակ:
Նրանք, ովքեր այս կարգի բաներ են ասում, ընդամենն ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմներ ստեղծել»,- ասաց վարչապետը:
