«Ռոսատոմը» կարող էր երկարաձգել Հայաստանի ԱԷԿ-ի աշխատանքը մինչև 2036 թ., բայց Երևանն ընտրել է Եվրոպայի վեկտորը
«Ռոսատոմ» ընկերությունը կարող էր երկարաձգել Հայաստանի ԱԷԿ-ի աշխատանքը մինչև 2036 թվականը, սակայն Երևանն ընտրել է Եվրոպայի վեկտորը՝ նախապատվությունը տալով ոչ իրազեկ եվրոպական կապալառուներին։
Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ատոմակայանն աշխատում է մինչև 2026 թվականի աշունը, բայց ավարտին է մոտենում դրա շահագործումը մինչև 2031 թվականի աշուն երկարաձգելու նախապատրաստումը։
«Դա կարվի։ Մեր մասնագետները նույնպես կարծում են, որ դրա աշխատանքը հնարավոր կլինի երկարաձգել մինչև 2036 թվականը, սակայն դրա համար պետք է կատարվեն որոշակի պայմաններ։
Այժմ, Հայաստանի զարգացման եվրոպական վեկտորի շրջանակներում, երկարաձգման աշխատանքների մեծ մասը տրվում է եվրոպական կապալառուներին, որոնք սեյսմիկ վտանգավոր գոտիներում աշխատանքի փորձ չունեն և իրենց չեն ծանրաբեռնում կայանի գլխավոր կոնստրուկտորի հետ համակարգման աշխատանքներում»,- նշել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետի կարծիքով՝ բոլորը մտորելու բան ունեն, երբ քաղաքականապես կողմնակալ որոշումները սկսում են ազդել ատոմային էներգիայի արտադրության տեխնոլոգիաների վրա։
