Վերադարձի ակնկալիքն իրատեսական չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
ՀԱՊԿ-ի մասով անընդհատ հետ նայելու ռեժիմում չպետք է լինենք և վերադարձ դեպի այդ կառույց ակնկալելն իրատեսական չէ։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին` արդյոք Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն այլ քննարկումներ եղել են ՀԱՊԿ-ի մասով, և արդյոք հայկական կողմի մոտ կա՞ փոփոխություն ՀԱՊԿ–ին անդամակցելու կամ դուրս գալու մասով։
Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Նա ավելացրեց, որ Պուտինի հետ ՀԱՊԿ–ի վերաբերյալ շարունակել են քննարկումները, սակայն ՀՀ վարչապետի եզրակացությունն ու առաջարկը սա է եղել՝ եթե հնարավոր լինի, բավարար չափով քննարկված համարել այս թեման և անցնել օրակարգի մյուս հարցերի քննարկմանը, այսինքն` անընդհատ հետ նայելու այդ ռեժիմում չլինեն։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
