Անահիտ Ավանեսյանը հանդիպել է անցումային անհատական լիցենզիա ստանալու փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ
«Առաջինը լինելը հեշտ չէ, բայց պատվաբեր է»,- անցումային անհատական լիցենզիա ստանալու համար բոլոր փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ հանդիպումն այս խոսքեր է սկսել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


Օրենսդրական փոփոխությունն արված է, համակարգն ամբողջովին ներդրված:
Այսուհետև լիցենզավորված օրդինատորները մասնագիտական գործունեություն (սահմանափակումներով) կարող են ծավալել` չունենալով որևէ խնդիր իրավական դաշտում:
Սրանով նաև ամբողջանում է կրթական ցիկլ-մասնագիտական գործունեություն շղթան:

Նախարարը նաև խոսել է ռեզիդենտուրայի ծրագրի, ինչպես նաև նեղ մասնագիտացումների հստակեցման ուղղությամբ անհրաժեշտ և արդեն տարվող աշխատանքների մասին:
Առողջապահական համակարգի ամենատարբեր թեմաների վերաբերյալ օրդինատորների բարձրացրած հարցերին պատասխանել են նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյան ու ԱՆ Լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանը:
Հանդիպման վերջում նախարարն անձամբ է լիցենզիաները հանձնել կլինիկական օրդինատորներին:
