Հայկական արվեստի և մշակութային ժառանգության կրիտիկական զանգվածը պետք է լինի ՀՀ-ում․ սա քաղաքականություն է (լուսանկարներ, տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել «Արշիլ Գորկի. Նյու Յորք-Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը, ինչը կարևոր ներդրում է ազգային հավաքածուի համալրման գործում։


Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր:


Այս համատեքստում, վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, քանի որ Արշիլ Գորկու կտավը Հայաստանի Հանրապետությունում է հայտնվել հարկ վճարող հազարավոր քաղաքացիների շնորհիվ:


2025 թվականին պետական միջոցներով իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թանգարանային հավաքածուների համալրման ծրագրի շրջանակներում «Մշակույթի զարգացման» հիմնադրամը իրականացրել է դիտանցումներ միջազգային աճուրդային տների և մասնավոր պատկերասրահների կողմից վաճառքի ներկայացվող արժեքների ցանկերում։
Դիտանցումների արդյունքում պարզվել է, որ Լոնդոնում գործող Sotheby’s աճուրդային տանը ներկայացված է աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը (թուղթ, մատիտ, 45.4 × 55.5 սմ)։ Աճուրդի մեկնարկային գինը կազմել է 45,000 եվրո, իսկ ակնկալվող առավելագույն գինը՝ 70,000 եվրո։
2025 թվականի դեկտեմբերի 3-ին կայացած աճուրդի ընթացքում տվյալ աշխատանքը Կառավարությունը ձեռք է բերել 30,978,000 (երեսուն միլիոն ինը հարյուր յոթանասունութ հազար) դրամով և այն հանգրվանել է Հայաստանի ազգային պատկերասրահում։
