Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Մ. Մ.-ի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մարտի 27-ին Մ. Մ.-ն Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել։
Մ. Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք՝ մարտի 26-ին ԱԺ-ի մոտ աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. ԱԺ նախագահը, ի պատասխան իրեն հայհոյող քաղաքացուն, համարժեք պատասխանել էր:
