Ես հավատացած եմ՝ մեր «Ջերմուկը» բարձր որակի է, խնդիրն արագ կկարգավորվի, էդպիսի՞ խնդիրներ ենք լուծել. Պապոյան

««Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, բոլոր հարցերն էլ կլուծվեն»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով Ռուսաստանի տարածքում «Ջերմուկի» վաճառքի արգելքի մասին։

«Էդպիսի՞ հարցեր ենք լուծել։ Ամեն ինչ կլուծվի»,- ասել է Պապոյանը։

Նա նշել է, որ խնդրի հետ կապված քաղաքական ենթատեքստ չի տեսնում։

«Որևէ հարց չեմ տեսնում։ Օրինակ՝ հիմա էլ մենք ստուգումներ ենք անում որոշ ապրանքների, կանգնեցրել եմ որոշ կոնյակ արտահանողներին, ստուգման ենք տարել։

Բա պետություն ենք, պետք է մեր երկրից դուրս եկող ապրանքները բարձր որակական չափանիշներ ունենան։ Ես հավատացած եմ, որ մեր «Ջերմուկը» բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին, բացարձակ կասկած չունեմ, որ հարցը լուծվելու է»,- ընդգծել է Պապոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքն ու շրջանառությունը։

Սահմանափակումները սահմանվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը արտադրված արտադրանքի նոր խմբաքանակների ստուգման արդյունքում:

Ավելի վաղ ռուսական կողմը արգելել էր ևս 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը Ռուսաստանի տարածքում։

You may also like...