Կորոնավիրnւսի ժամանակ մենք աշխատում էինք տնից. մենք սովորել ենք դրան. ժամանակի պահանջն է՝ կրկին վերադառնալ այդ մեթոդներին. Նարենդրա Մոդի

Կորոնավիրուսի ժամանակ մենք աշխատում էինք տնից. մենք սովորել ենք դրան. ժամանակի պահանջն է՝ կրկին վերադառնալ այդ մեթոդներին: Այս մասին ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքների ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կորոնավիրուսի ժամանակ մենք աշխատում էինք տնից, անցկացնում էինք վիրտուալ հանդիպումներ, տեսակոնֆերանսներ։ Մենք սովորել ենք դրան։ Ժամանակի պահանջն է՝ կրկին վերադառնալ այդ մեթոդներին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Հայդարաբադում։

Վարչապետը ընդգծել է արտարժույթի խնայողության և էներգակիրների ներմուծումից կախվածության նվազեցման անհրաժեշտությունը։ Բացի այդ, Մոդիի խոսքով, Հնդկաստանի քաղաքացիները պետք է վերանայեն իրենց սպառողական սովորությունները։

«Միջին խավի շրջանում տարածված է դառնում արտասահմանում հարսանիքներ անելու, արտերկիր մեկնելու և հանգստանալու մշակույթը։ Մենք պետք է որոշում կայացնենք, որ այս ճգնաժամային շրջանում առնվազն մեկ տարով պետք է հետաձգենք արտասահմանյան ուղևորությունները»,- նշել է նա։

Մոդին նաև կոչ է արել քաղաքացիներին մեկ տարով հրաժարվել տոների ժամանակ ոսկի գնելուց։

Հնդկաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է վառելիքը խնայողաբար ծախսելու կարևորության մասին։

«Այժմ պահանջվում է, որ բենզինը, դիզելային վառելիքը, գազը օգտագործվեն մեծ զսպվածությամբ։ Այս էներգակիրները մենք ներմուծում ենք արտերկրից, ուստի պետք է ձգտենք օգտագործել միայն անհրաժեշտ քանակությունը»,- հայտարարել է նա։

Այս կապակցությամբ նա քաղաքացիներին կոչ է արել ավելի ակտիվ օգտվել հասարակական տրանսպորտից և երկաթուղիներից։

«Օգտվեք մետրոյից այնտեղ, որտեղ այն կա, կազմակերպեք համատեղ ուղևորություններ մեքենաներով նույն երթուղով, իսկ բեռնափոխադրումների համար օգտվեք երկաթուղիներից։ Այս ամենը կնվազեցնի կախվածությունը բենզինից և դիզելից, հետևաբար նաև՝ կախվածությունը արտարժույթից»,- ասել է Մոդին։

«Համաշխարհային ճգնաժամի ժամանակ, ինչպիսին Արևմտյան Ասիայի հակամարտությամբ հրահրվածն է, մենք պետք է որոշումներ կայացնենք՝ երկիրը ամեն ինչից վեր դասելով»,- ընդգծել է Հնդկաստանի վարչապետը։

You may also like...