Հայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. Կալուգին

Եվրամիությունը փորձում է թուլացնել Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ և ուժեղացնել  ազդեցությունը հանրապետության վրա՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը: Նա հավելել է, թե Բրյուսելը ձևավորում է Ռուսաստանի բացասական կերպարը՝ Մոսկվան ներկայացնելով որպես Հայաստանի անկախության հակառակորդ։

«ԵՄ-ում Մոսկվային անհիմն մեղադրում են հիբրիդային հարձակումների և Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար՝ միաժամանակ անտեսելով սեփական ակտիվ մասնակցությունը Հանրապետության ներսում ընթացող գործընթացներին:

Տեսնում ենք, թե ինչպես են եվրոպացիները փորձում օգտագործել Հայաստանում սպասվող խորհրդարանի ընտրությունը։

Հանրապետությունում արդեն երկու առաքելություն է ծավալվել, որոնք նման են այն առաքելություններին, որոնք գործարկվել են Մոլդովայում նախընտրական քարոզարշավի ժամանակ»,- նշել է Կալուգինը։

Նրա խոսքով՝ անվտանգության, տնտեսական կայունության, բարեկեցության և բարգավաճման ապահովման գործիքների առումով ոչ մի հստակ այլընտրանք ԵՄ-ն Հայաստանին չի առաջարկում:

«Կարծում ենք, որ մեր երկրների քաղաքացիները պետք է իմանան. Երևանի առաջխաղացումը, այսպես կոչված, եվրոպական ճանապարհով, ինչ-որ պահի կարող է հանգեցնել համակարգային փոփոխությունների ռուս-հայկական հարաբերություններում»,— նշել է դիվանագետը:

You may also like...