ՀՀ տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքների ներմուծումն իրականացնել առանց միջնորդների. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ընթացակարգային նախապատրաստական աշխատանքները։
Սա իրականացվել է 2022 թվականից ի վեր ընթացող կարգավորման գործընթացի շրջանակներում՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումների մաս։
Ի՞նչ էր նախկինում․ Թուրքիայի մատակարար կազմակերպությունները չէին կարող Թուրքիայի մաքսային մարմիններին ներկայացված արտահանման հայտարարագրում որպես ստացող նշել ՀՀ տնտեսվարողներին, իսկ որպես նշանակման երկիր՝ Հայաստանը։
Արդյունքում՝ ապրանքները Հայաստան էին հասնում երրորդ երկրների (օրինակ՝ Վրաստանի) միջնորդ սուբյեկտների միջոցով՝ վերաարտահանման ձևակերպմամբ։
Ի՞նչ է փոխվել․ այսուհետ ՀՀ տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքների ներմուծումն իրականացնել անմիջապես իրենց անունով՝ առանց միջնորդների։
