Հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը կանցկացվեն վարժական հավաքներ

Գործադիրն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը, ներառյալ` կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու: Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց:

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ֆինանսավորման համաձայնագրով՝ ՝ 2 մլն եվրո կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռք բերմանը: Վերջիններս կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը արտաքին ազդակներին և բարելավելով ծանր վթարների կառավարումը։

You may also like...