Ռուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական Ասիայում. Գալուզին
Արևմտյան երկրները ջանքեր են գործադրում Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից դուրս մղելու և ռուսական սահմանների մոտ սեփական ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք մտահոգված ենք կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքներ կնքելուն ուղղված Վաշինգտոնի ջանքերով։
Դա ոչ միայն տնտեսական մրցակցություն է, այլև Ռուսաստանին դուրս մղելու և մեր սահմանների անմիջական հարևանությամբ Արևմուտքի կողմից վերահսկվող ենթակառուցվածքներ ստեղծելու փորձ»,- «Իզվեստիա»-ին ասել է Գալուզինը։
Ըստ փոխարտգործնախարարի՝ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ձգտում են վերահսկողություն հաստատել տարածաշրջանի տրանսպորտային միջանցքների և բնական պաշարների նկատմամբ։
Նա հավելել է, որ արևմտյան պետությունները ցանկանում են Կենտրոնական Ասիայի երկրների իշխանություններին դրդել հրաժարվելու Ռուսաստանի հետ համագործակցությունից։
