Երևանի Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրություն
Հունվարի 2-ին Երևանի Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրություն։ Այդ մասին ասված է ՄԻՊ-ի գրասենյակից։Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն ու ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին։
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման պատահարները բացառելու համար։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Երևանի Սեբաստիա փողոցում հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։ Ըստ հրապարակման՝ տարհանման ժամանակ մեկ անձ տուժել է: Մարդու իրավունքների պաշտպանը վերջինիս մաղթում է շուտափույթ ապաքինում։
