Իրանն ԱՄՆ–ի հարվածներից հետո հարձակվել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող բազաների վրա
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունն իր հերթին հայտնում է, որ ամերիկյան կողմը որսացել Է իրանական բալիստիկ հրթիռներն ու ԱԹՍ–ները, որոնք արձակվել են Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի երկրների ուղղությամբ:
Հրամանատարությունը տեղեկություններ չունի ամերիկացի զինվորականների շրջանում հնարավոր տուժածների մասին, իսկ Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի կենտրոնակայանին վնաս հասցնելու մասին հայտարարությունները, ամերիկյան կողմի պնդմամբ, չեն համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։
Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։

