ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Սյունիքի մարզ ՝ ընդգծելու հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ուղղությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ տեղի պաշտոնյաների, ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների, «Խաղաղության կորպուսի» կամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսանողների և ԱՄՆ գործընկերների հետ։

Կապանի ամերիկյան անկյունում հավատարմատար Ալենը կներկայացնի «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը, Մեղրիում կհանդիպի ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ACCESS ծրագրի աշակերտների հետ, կայցելի Մեղրիի սահմանային հատված՝ ընթացիկ համագործակցության մասին ավելին իմանալու: Նախատեսվում է նաև այց «ՔոնթուրԳլոբալի» Գորիսի գրասենյակ՝ քննարկելու էներգետիկ անվտանգությանը և հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։

ԱՄՆ դեսպանությունից նշում են, որ այցը նպատակ ունի ընդգծել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև զարգացող գործընկերությունը և շարունակական համագործակցությունը տնտեսական հնարավորությունների ընդլայնման, էներգետիկ համագործակցության խորացման, կրթության և մշակութային ժառանգության պահպանման ուղղություններով։

You may also like...