ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ հունիսի 17-ի նիստում ընդունել է որոշում, որն ուղղված է 6 (10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացի ազատականացմանը։
Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
Գործող կարգավորման համաձայն՝ վերը նշված բաշխման ցանցին միացումն իրականացվում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից համապատասխան պայմանագրերի կնքման միջոցով։
Նոր կարգավորման համաձայն՝ բաշխման ցանցին միացումը կիրականացվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա դիմող անձի (սպառող, որը դիմում է միացման համար, նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում դիմող անձ է հանդիսանում կառուցապատողը) սեփական միջոցներով։ Արդյունքում միացման գործընթացը կդառնա ավելի պարզ և ճկուն։
Գործնականում 6 (10) կՎ լարմամբ սպառողների և բազմաբնակարան շենքերի համար կառուցվող էլեկտրական ենթակառուցվածքները հիմնականում նախատեսված են միայն տվյալ սպառողներին սպասարկելու համար և որպես կանոն հետագայում չեն օգտագործվում այլ նոր բաժանորդների միացման նպատակով։
Փոփոխություններով նաև հստակեցվել են տեխնիկական պայմանների տրամադրման պայմանները, ինչպես նաև այն դեպքերը, երբ կառուցված բաշխման ցանցը ենթակա է հանձնման «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։
Նոր կարգավորումներից բխող համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ, որով սահմանվում են բաշխողի հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը։
Ընդհանուր առմամբ փոփոխությունները միտված են միացման գործընթացի ազատականացմանը, վարչական ընթացակարգերի կրճատմանը և ոլորտում առավել արդյունավետ ու կանխատեսելի կարգավորումների ապահովմանը՝ պահպանելով սպառողների և բաշխողի իրավունքների ու պարտականությունների հավասարակշռությունը։
