Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
«Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով, մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է»:
Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Առաջիկա օրերին, այսօրվանից սկսած մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես շատ ակտիվ կլինի հունիսի 24-ին և հունիսի 28-ին:
Հունիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, Հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կրկին կտեղա կարկուտ:
Այս ցիկլոնը իր հետ բերել է ցուրտ օդային հոսանքներ, և այսօր Հանրապետության ողջ տարածքում ցերեկային ժամերին երեկվա համեմատ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով, Հայաստանի ամենատաք գոտիներում չի գերազանցի 30 աստիճանը:
Հունիսի 28-ից սկսած՝ այս ցիկլոնը կկորցնի իր ուժը, և տեղումները ժամանակավորապես կդադարեն, որոշակիորեն կնահանջեն նաև ցուրտ օդային հոսանքները, և հունիսի 28-30-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով»,- նշել է Սուրենյանը:
