Կա պայմանավորվածություն սահմանազատման հանձնաժողովների նոր հանդիպման մասին. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2023 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և նշել.

«Տարվա սկզբից Հարաստանի Հանրապետությունը կառուցողականորեն և բարեխիղճ կերպով ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնք ուղղված են եղել հարաբերությունների կարգավորմանը: Սա վերաբերում է ընդհանուր խաղաղության գործընթացին, բայց մասնավորապես նաև, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքմանը, նաև սահմանազատման գործընթացի մեկնարկին, նաև տարածաշրջանային,  տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և վերագործարկմանը:

Մեզ համար այս գործընթացում շարունակել են առանցքային մնալ մի շարք սկզբունքներ: Ես կարող եմ և անհրաժեշտ եմ համարում թվարկել: Հակիրճ, նախ և առաջ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որևէ երկիմաստությունների և առանց տարընթերցման տեղ թողող ձևակերպումների: Մյուսը՝ երկու երկրների միջև սահմանը պետք է սահմանազատվի Խորհրդային միության իրավասու մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում կազմված, ամուր իրավական հիմքեր ունեցող պաշտոնական քարտեզների հիման վրա: Գիտեք, որ մենք մշտապես խոսել ենք 1974-78 թվականների քարտեզների մասին, որպես այս իրողությունը, այս նշածս սկզբունքները արտացոլող ամենաթարմ քարտեզներ: Հետաքրքրական է, որ առաջարկ է եղել օգտագործել 1974-90 թվականների քարտեզներ: Այս առաջարկը եղել է ադրբեջանական կողմինը: Որոշակի ուսումնասիրությունից հետո մենք ենթադրել ենք, որ կարող է կիրառելի լինել այս ձևակերպումը, բայց առաջ անցնելով, և նաև ենթադրում եմ, հարցեր կլինեն այդ մասին, նշեմ, որ, օրինակ, Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական բուն առաջարկից որոշակի հետընթաց է ենթադրվում:

Բայց վերադառնալով սկզբունքներին՝ ուզում եմ կրկին արձանագրել, որ Հայաստանի համար հետագա սահմանազատման գործընթացում առավելագույն հստակությունը, ընդ որում իրավական առումով անխոցելի, հնարավորինս հստակությունն առանցքային է, և այս կոնտեքստում ուզում եմ նորից հիշատակել Ալմա-Աթայի հռչակագիրը: Ավելորդ չի նորից ասել, ինչի մասին է սա: Կհիշեք երևի, Ալմա-Աթայի հռչակագրով Խորհրդային միության նախկին 12 հանրապետությունները, ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել են, ընդունել են, և հետագայում որևէ մեկը վերապահում չի հայտնել այս մասին, որ նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև ադմինիստրատիվ, վարչական սահմաններն այդ հռչակագրի ընդունմամբ հետայսու ճանաչվում են բոլորի կողմից իբրև նորանկախ պետությունների միջև միջպետական սահմաններ: Սա կրկին, ինչպես ասում են, բավականին առանցքային համաձայնություն է: Եվ սա մի համաձայնություն է, որը բացի նրանից, որ 1991 թվականին պայմանավորվել են Հայաստանը և Ադրբեջանը և մյուս հանրապետությունները, բայց նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ըստ էության վերահաստատել են, օրինակ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և արդեն հետագա նաև մի շարք հանդիպումների ընթացքում:

Վերադառնալով սկզբունքներին, համաձայն որոնց մենք պատկերացնում ենք խաղաղության գործընթացը՝ երրորդ, թերևս, էական սկզբունքը կրկին հայտնի է բոլորին՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո և համաձայն փոխադարձության և հավասարության սկզբունքների: Սա ևս, մեծ հաշվով, մի բան է, որի շուրջ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել նաև ադրբեջանական կողմի հետ և ունենք, ըստ էության, փոխըմբռնում և փոխհամաձայնություն, բայց նորից անդրադառնալով վերջին հայտնի հարցազրույցին, ուզում եմ ասել, որ այստեղ ևս տեսնում ենք հետընթաց ադրբեջանական կողմից:

2023 թվականի ընթացքում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել 5 հանդիպում, այդ թվում՝ 4 եռակողմ հանդիպում և նաև մեկ հնգակողմ հանդիպում հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպայի խորհրդի նախագահի մասնակցությամբ, միջնորդությամբ: Կհիշեք, որ Քիշնևից հետո պայմանավորված էր ունենալ կրկին եռակողմ հանդիպում, որը տեղի ունեցավ արդեն հուլիսի 15-ին Բրյուսելում Շառլ Միշելի մասնակցությամբ, և ենթադրվում էր, որ դրանից հետո եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը Գրանադայում հոկտեմբերին պետք է լիներ հերթական հնգակողմ հանդիպումը: Հիշում եք, որ Ադրբեջանի նախագահը չմասնակցեց Գրանադայի հանդիպմանը, տեղի ունեցավ քառակողմ հանդիպում, ընդունվեց համատեղ հայտարարություն, որով մեծ հաշվով արտացոլվում է կարգավորման այն սկզբունքները, որոնք ես քիչ առաջ հիշատակեցի: Ուզում եմ ասել որ նաև արտաքին գործերի նախարարների մակարդակով մենք երկու անգամ բանակցություններ ենք ունեցել Միացյալ Նահանգներում՝ յուրաքանչյուրը մի քանի օրանոց, և մեկ հանդիպում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կազմակերպմամբ: Կարծում եմ՝ արժի հիշատակել, որ մեր նախարարների և թիմերի մասնակցությամբ այս բանակցությունների արդյունքում, և մինչ օրս էլ խաղաղության պայմանագրի տեքստի առանձին ձևակերպումների շուրջ հնարավոր է եղել գալ փոխհամաձայնության, թեև մի քանի առանցքային հարցերում կան դիրքորոշումների տարբերություններ։

Ոչ պաշտոնական շփումներ ենք ունեցել նաև, օրինակ՝ Թեհրանում հոկտեմբերի 23-ին «3+3» ձևաչափով նախարարական հանդիպման շրջանակներում, բայց հատկանշական է, որ  Ադրբեջանի նախագահի կողմից հետագա եռակողմ կամ հնգակողմ հանդիպումներին մասնակցելուց հրաժարվելուն զուգընթաց մենք տեսանք նույնպիսի մի միտում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից: Ըստ էության, Գրանադայից հետո քննարկվում էր ոչ միայն հնարավոր նոր հանդիպում երկրների ղեկավարների մակարդակով, այլ նաև՝ արտաքին գործերի նախարարների: Ենթադրվում էր, որ պետք է շարունակվի աշխատանքը պայմանագրի տեքստի շուրջ, և տեսնում ենք, որ փաստորեն ոչ միայն Ադրբեջանի նախագահը, ինչպես ասեցի, դադարեց մասնակցել այդ հանդիպումներին, այլ նաև արտաքին գործերի նախարարը: Հանուն արդարության նշեմ, որ հանդիպումների չկայանալը, որովհետև մի քանի առաջարկ եղավ հանդիպման, այնուամենայնիվ,  բացասաբար անդրադարձավ, իհարկե, կենդանի քննարկումների և գործընթացի վրա, բայց հանդիպումների բացակայության պայմաններում կողմերը շարունակեցին աշխատանքը և փոխանակեցին խաղաղության պայմանագրի նոր խմբագրական առաջարկներ: Նախ, մենք ուղարկեցինք մեր 6-րդ խմբագրությունը, ստացանք ադրբեջանական կողմի 7-րդ խմբագրությունը, և ահա արդեն 2024 թվականի առաջին օրերին ադրբեջանական կողմին ենք փոխանցել հայկական 7-րդ խմբագրությունը:

Գիտեք, որ սահմանազատման ուղղությամբ ևս աշխատանքները շարունակվել են: Հուլիսին, նոյեմբերին տեղի են ունեցել համապատասխան սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումները: Հնարավոր է եղել համաձայնեցնել աշխատակարգը: Կա պայմանավորվածություն սահմանազատման հանձնաժողովների նոր հանդիպման մասին: Եվ, իհարկե, նույն կերպ աշխատանքներ են ընթացել նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ:

Շարունակվում են չկարգավորված մնալ հումանիտար հարցերը: Տեղյակ եք, որ դեկտեմբերի 7-ին հնարավոր եղավ ձեռք բերել պայմանավորվածություն երկուստեք գերիների և պահվող անձանց փոխանակման մասին: Ըստ այդմ, հայաստանյան կողմն ազատ արձակեց 2 ադրբեջանցիների, որոնք պահվում էին Հայաստանում, և ադրբեջանական կողմն ազատ արձակեց 32 հայ զինծառայողի: Նաև զուգահեռաբար պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ Հայաստանը հանում է իր թեկնածությունը կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը հյուրընկալելու հարցում և պաշտպանում է Ադրբեջանի թեկնածությունը. ըստ այդմ հետագայում որոշվեց Բաքվում կազմակերպել այդ միջոցառումը:

Սա, անշուշտ, որոշակի դրական իրադարձություն էր ձգձգվող բանակցությունների ֆոնին: Պետք է ասեմ, որ հայկական կողմը տրամադրված է շարունակել վստահության ամրապնդման միջոցառումները: Ցանկանում եմ ասել, որ, կհիշեք, վստահաբար, մենք երկու անգամ ադրբեջանական կողմին ենք փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, թեև, տարօրինակորեն, շարունակաբար լսում էինք ադրբեջանական կողմից բողոքներ այն մասին, որ այդ քարտեզներն այդքան էլ արդյունավետ չեն և ճշգրիտ կերպով չեն արտացոլում ականների տեղակայումը: Այստեղ տեղին է հիշել, որ այդ ականապատումը՝ հաճախ հենց նույն տարածքների, սկսվել էր դեռ 1990-ականներին հենց Ադրբեջանի կողմից: Ինչևէ, մենք կարողացել ենք ի մի բերել և փոխանցել ադրբեջանական կողմին այն տեղեկատվությունը, ինչ մեզ հասանելի էր: Ցանկանում եմ ասել, որ, իմ տեղեկությունների համաձայն, այժմ համապատասխան հայկական մարմիններն աշխատանքներ են տանում նաև հարցումների ճանապարհով վերականգնել նոր տեղեկատվություն հնարավոր նոր ականների վերաբերյալ, և չեմ բացառում, որ համապատասխան երկուստեք կառուցողական մոտեցումների դեպքում և վստահության ամրապնդման քայլերի դեպքում իսկապես կարողանանք վերականգնել հավաստի տեղեկատվություն: Ես չեմ բացառում, որ նորից փոխանցենք ադրբեջանական կողմին, թեև կարող եմ ասել, որ վստահաբար այս անգամ պետք է այդ գործողությունն անել միջազգային գործընկերների միջոցով, և հույս ունենք, որ եթե դա տեղի ունենա, ապա այդ փոխանցման պահին, կամ փոխանցման օղակում հնարավոր կլինի ևս մեկ անգամ հավաստիանալ, որ հայկական կողմը հավաստի տեղեկատվություն է փոխանցում, բայց ես երևի մի փոքր առաջ անցա, կրկնում եմ, որ հարցումները դեռևս իրականացվում են այս առումով:

Խոսելով վստահության ամրապնդման մասին և ընդհանրապես վստահության մթնոլորտի մասին՝ ցավով պետք է նշեմ, որ թեև այս՝ դեկտեմբերի 7-ի դրական մեկանգամյա քայլին, հետագայում մենք տեսանք, որ կառուցողական մոտեցումն առնվազն Ադրբեջանի կողմից չի շարունակվում, և դա դրսևորվեց և՛ պայմանագրի 7-րդ խմբագրության՝ ադրբեջանական 7-րդ խմբագրական առաջարկների համատեքստում, և՛ նորից Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցը պետք է հիշատակեմ: Այստեղ էական հետընթաց կար և, կարելի է ասել, հարված կար խաղաղության գործընթացին մի շարք առանցքային հարցերում: Դա վերաբերում է և՛ ընդհանրապես տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, և՛ կոնկրետ մակերեսներին կամ սահմաններին: Կհիշեք, Ադրբեջանի նախագահն անգամ հղում էր անում 1918-20 թվականների ինչ-որ քարտեզների կամ խոսում էր նոր սահմաններ գծելու մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի: Մենք շարունակում ենք մնալ վճռական մեր այն դիրքորոշման մեջ, որ սահմանազատման գործընթացի ընթացքում համապատասխան հանձնաժողովները պետք է վերարտադրեն իրավական հիմքեր ունեցող, իրավական հիմքերով գծված սահմաններն այն կերպ, ինչպես դրանք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին, ինչի մասին, կրկին ուզում եմ ասել, խոսվում է Ալմա-Աթայի հռչակագրում: Անշուշտ, սովորաբար, սահմանազատման հանձնաժողովները որոշակի փոխադարձ ընդունելի ճշգրտումներ կարող են անել սահմանների, բայց ես կրկնում եմ, նրանք կարող են միայն վերարտադրել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել»:

You may also like...