Էսկալացիայի հավանականությունը միշտ էլ կա. Արարատ Միրզոյան
Ես կարծում եմ, որ էսկալացիայի հավանականություն Հայաստան-Ադրբեջան սահմանին այս պահին էլ առկա է: Այդ մասին ամփոփոիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Արդրբեջանում ընտրությունների պարագայում լարվածության հավանականությունը, կմեծանա, թե՝ ոչ:
«Մենք, ըստ էության, առնվազն այն հռետորաբանությունը, որին ականատես եղանք Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնելու մեր զգոնությունը: Ավելին, նույն հարցազրույցում մենք լսեցինք անթաքույց տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, սուվերեն տարածքների, ինքնիշխան տարածքների նկատմամբ: Մենք տեսանք, թե ինչպես են, ասենք, Հայաստանի այս կամ այն քաղաքները կամ մարզերն անվանվում ձևախեղված ձևով: Մեծ հաշվով ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է անվանվում «Արևմտյան Ադրբեջան», և այլն: Եվ այո, էսկալացիայի հավանականությունը միշտ էլ կա: Արդյո՞ք այդ հավանականությունը կմեծանա տարբեր երկրներում տեղի ունեցող ընտրությունների ընթացքում. կարծում եմ, որ ռացիոնալ կլինի այդպես մտածել, այո:
Թուլացման միտում կա՞ ներգրավվածության. եթե ճիշտ եմ սղագրել հարցադրումը, կարծում եմ, որ ոչ: Մենք այսօր էլ տեսնում ենք մեծ ներգրավածություն միջազգային դերակատարների կողմից, վերաբերելի դերակատարների, կառույցների կողմից մեծ հետաքրքրություն Հարավային Կովկասում խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ:Եվ տեսնում ենք, պետք է ասեմ, օրեցօր ավելի ու ավելի հստակ արտահայտվող, օբյեկտիվ, հավասարակշիռ դիրքորոշում և հստակ արտահայտվող ակնկալիք, որ կարգավորման գործընթացը պետք է շարունակվի և կարգավորումները պետք է լինեն փոխադարձ համաձայնությամբ և փոխադարձ հարգանքի, տարածքային ամբողջականության, ընդհանրապես՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերի նկատմամբ փոխադարձ հարգանքի շնորհիվ: Եվ այստեղ սպառնալիքների լեզվով մի կողմից մյուս կողմին կարգավորումներ պարտադրելը, թերևս, չի կարող ընդունելի լինել նաև այդ միջազգային դերակատարների համար»,- նշել է նախարարը:
