Հայաստանի և Մոզամբիկի ԱԳ նախարարաներն անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի

Մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարներն անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի, քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի՝ երկուստեք  պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել բոլոր հետաքրքրություն ներկայացնող  ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հարցում:

Հանդիպման օրակարգում են եղել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղությանն ուղղված ջանքերը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնել հնարավոր է միայն երկկողմ համարժեք հանձնառության միջոցով։

Երկուստեք ընդգծվել է խաղաղության ճանապարհին միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների հարգման կարևորությունը։

You may also like...