Կառավարությունը շարունակում է արտաքին և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը. Փաշինյան
Մարտի 12-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը:
Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ ՀՀ վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում,
մասնավորապես, նշել է.
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, ողջունում եմ բոլորիդ: Ողջունում եմ նաև
եթերում մեզ հետևողներին: Սույն թվականի փետրվարի 24-ին Կառավարությունն ընդունեց և Ազգային ժողով
ուղարկեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և
արդյունքների մասին 2023 թվականի զեկույցը:
Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ խորհրդարանական քննարկումներից առաջ հրավիրել եմ այս ասուլիսը նաև
Կառավարությունում հավատարմագրված լրագրողների հետ հարցուպատասխանի միջոցով զեկույցը քննարկելու համար:
Մինչ հարցուպատասխանին անցնելը՝ ընդգծեմ, որ 2023 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում
արձանագրվել է 8,7 տոկոս տնտեսական աճ: Այստեղ ճշգրիտ լինելու համար, ասեմ, որ Ֆինանսների
նախարարության և Վիճակագրական կոմիտեի մեջ որոշակի քննարկում կա աճի ճշգրիտ թվի հետ կապված, բայց
վստահ ենք, որ տնտեսական աճը 8 տոկոսից ավելի է, հընթացս երևի կճշգրտվի կամ կմնա նույնը:
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Կառավարությունը
2021-2026 թվականներին տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը սահմանեց որպես
առանցքային թիրախ: 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, 2021
թվականին՝ 5,8 տոկոս տնտեսական աճ: Ըստ այդմ՝ ընտրություններին հաջորդած երեք տարվա արդյունքներով
տնտեսական աճի թիրախն ապահովված է:
Բազմիցս եմ նշել, որ Հայաստանի պետական շահը տնտեսական զարգացումն է, որից պետք է բխեն Կառավարության
քաղաքականություններն ու որոշումները: Տնտեսական զարգացումն է, որ Հայաստանի Հանրապետությանը
հնարավորություն կտա սպասարկել պետական օրակարգն իր ամբողջության մեջ: Այս առումով՝ ուզում եմ
շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մեր բոլոր
քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալող և հարկեր վճարող բոլոր
անձանց, ովքեր 2023 թվականի պետական բյուջեի համար ռեկորդային՝ 2 տրիլիոն 222 միլիարդ դրամ, հարկային
եկամուտներ են ապահովել: Այս ցուցանիշը 2017 թվականի պետական բյուջեի եկամուտների համեմատ ավելի է շուրջ
92 տոկոսով կամ 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով:
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,
2023 թվականի մեծագույն մարտահրավերը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումն էր:
Կառավարությունն ու Հայաստանի ժողովուրդն ի վիճակի եղան 1 շաբաթում ավելի քան 100 000 մարդ ընդունել և
հասցեագրել նրանց կարճաժամկետ կարիքները: Առջևում բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների
երկարաժամկետ կարիքների հասցեագրումն է, և առաջիկայում ավարտին կհասցնենք նրանց բնակարանային
կարիքների հասցեագրման ծրագիրը: Ինչպես ասել եմ, եթե բռնի տեղահանված մեր քույրներն ու եղբայրները Լեռնային
Ղարաբաղ վերադառնալու օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չունենան, կառավարության
քաղաքականությունն ուղղված կլինի նրանց Հայաստանի Հանրապետությունում մնալու համար անհրաժեշտ պայմաններ
ստեղծելուն:
Հարգելի լրագրողներ,
Սիրելի ժողովուրդ,
Վերջին տարիների իրադարձությունների խորը և համապարփակ վերլուծության արդյունքներով Կառավարությունը
շարունակում է արտաքին և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը: Այս
համատեքստում մեզ համար շարունակում է առաջնային մնալ խաղաղության օրակարգը, և Կառավարությունը
շարունակում է երեք սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և
սահմանների սահմանազատում և սահմանագծում իրականացնելու քաղաքականությունը: Ու չնայած այդ սկզբունքները
հանրահայտ են, շփոթության տեղիք չտալու համար հարկ եմ համարում կրկին բարձրաձայնել դրանք:
Առաջին՝ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց
տարածքային ամբողջականությունը:
Երկրորդ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման քաղաքական հիմք է,
ինչը նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծելու օրակարգ չկա, այլ անհրաժեշտ է հողի
վրա արտահայտել ԽՍՀՄ փլուզման շրջանում հանրապետությունների միջև դե-յուրե գոյություն ունեցած վարչական
սահմանը, որ Ալմա-Աթայի հռչակագրով դարձել է պետական սահման:
Երրորդ՝ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն դրանց անցման երկրների ինքնիշխանության և
իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս թեմայի վերաբերյալ
մեր պատկերացումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:
Հարգելի լրագրողներ,
Այժմ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին»:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
