Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց. Փաշինյան

Երեկվա հայտարարության հետ կապված նախ կուզենայի, որ մենք տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ստեփանավանում պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ես չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատեինք, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության, առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024 թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

You may also like...