Հայաստանի զարգացումը մեծապես կախված է ավիացիայի ոլորտից. Քաղավիացիայի կոմիտեի նախագահ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը շնորհավորական խոսք է հղել հայկական ավիացիայի 91-ամյակի կապակցությամբ։

«Այսօր մեծ հպարտությամբ նշում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի 91-ամյակը:

Այս նշանակալից օրը ոչ միայն մեր մասնագիտական տոնն է, այլև հնարավորություն՝ արժևորելու մեր ընդհանուր ձեռքբերումները և վերահաստատելու մեր հանձնառությունը ոլորտի հետագա զարգացման հանդեպ:

91 տարվա ընթացքում հայկական ավիացիան դարձել է մեր երկրի առաջընթացի, միջազգային կապերի և տնտեսական աճի կարևորագույն շարժիչներից մեկը: Այս հաջողությունը պայմանավորված է ձեզանից յուրաքանչյուրի անխոնջ աշխատանքով, նվիրվածությամբ և մասնագիտական բարձր որակներով:

Հատուկ երախտագիտություն եմ հայտնում մեր վետերաններին, ովքեր դրել են հայկական ավիացիայի հիմքերը և տասնամյակներ շարունակ ապահովել են դրա կայուն զարգացումը: Նրանց փորձառությունն ու իմաստությունը, որը պատվով փոխանցվել է երիտասարդ սերնդին, անգնահատելի ուղենիշ է մեզ համար:

Ավիացիան ոչ միայն տեխնիկական, այլև մարդկային գործոնների վրա հիմնված ոլորտ է: Մեր գլխավոր առաքելությունն է՝ ապահովել թռիչքների անվտանգությունը և ոլորտի համահունչ զարգացումը: Այս բարդ խնդիրը լուծելու համար պահանջվում են բարձր մասնագիտական հմտություններ, թիմային աշխատանք և անսահման նվիրվածություն:

Ուրախ եմ արձանագրել, որ մեր թիմն օժտված է այս բոլոր հատկանիշներով:

Շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալից տոնի առթիվ: Թող մեր թևերը միշտ ամուր լինեն, իսկ երկինքը՝ բարեհաճ»,- ասվում է ուղերձում։

You may also like...