Ադրբեջանի քաղաքական կամքի պարագայում հենց այսօր էլ կարող ենք կնքել խաղաղության պայմանագիր. Ալեն Սիմոնյան
Որևիցե ձևով կասկածի տակ դնել ՍԴ անաչառությունը տեղին չէ, որովհետև բազմաթիվ դեպքերի օրինակներ կարող եմ բերել, որ իշխանության կարծիքը, քաղաքական մթնոլորտը և ՍԴ որոշումը հակառակ պատկեր են ունեցել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ Ադրբեջանն այլևս պատճառներ չի՞ կարող ունենալ և ասել, որ ՀՀ Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, Սիմոնյանն ասաց.
«Խաղաղության համաձայնագրի մեջ նշված է, որ այն ավելի վեր է լինելու, քան մյուս իրավական փաստաթղթերը, դա շատ անհիմն մեղադրանք է: Հակառակը՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կա դրույթ, որ տարածքային պահանջներ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ»,- ասաց նա:
Սիմոնյանն ընդգծեց՝ մեր քաղաքական կամքն է` խաղաղության պայմանագիր կնքել:
«Պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանի քաղաքական կամքի պարագայում, հենց այսօր էլ կարող ենք կնքել խաղաղության պայմանագիր։ Նույնիսկ այսօր մենք պատրաստ ենք ստորագրել համաձայնեցված կետերը, Հայաստանն ունի քաղաքական կամք», -նշեց Սիմոնյանը:
