Կ. Պոլսի Հայոց Պատրիարքը Միածնաէջ Մայր Տաճարում մատուցել է Սուրբ Պատարագ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին` ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
Այս առիթով սեպտեմբերի 30-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Սրբազան արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։
Պատրիարք Հայրը, իր քարոզում անդրադառնալով մարդ-Աստված հարաբերություններին, ի մասնավորի նշել է. «Աստված ցանկանում է տեսնել, թե մարդ ի՞նչ է ընտրելու իրեն տրվածներից։ Աստված ակնկալում է, որ մենք դառնանք դեպի իրեն և ասենք՝ Աստված իմ այս աշխարհը շատ գեղեցիկ է, բայց ես քեզ եմ ընտրում, բոլոր գեղեցկություններից և արժեքներից ավելի, նույնիսկ իմ կյանքից առավել քեզ եմ ընտրում և քեզ եմ սիրում։
…Մենք շուրթերով չենք կարող Աստծուն ընտրել, հետևաբար մեր կարողություններով պետք է ծառայենք Աստծուն, պետք է կարողանաք մեր ունեցածը Աստծուն ընծայել»։
Պատարագիչ Սրբազանն ընդգծեց, որ մարդ իր կյանքը պիտի ծառայեցնի հանուն Աստծո փառքի՝ դառնալով աստվածային արաչագործության շարունակողը, և իր անձը դարձնի Տիրոջ բնակարան։
Կ. Պոլսի Հայոց Պատրիարքն անդրադարձել է նաև Սուրբ Մյուռոնի՝ քրիստոնյա հայի կյանքում ունեցած կարևորությանն ու զորությանը՝ հորդորելով չմկրտվածներին մկրտվել և դրոշմվել Սրբալույս Մյուռոնով:
Քարոզի վերջում Սահակ Սրբազանը մաղթել է, որ Միածնաէջ Մայր Տաճարի բացումն ու Մյուռոնօրհնեքը նոր շնորհներ և բյուր օրհնություններ պարգևեն ու միասնության մեջ պահեն հայ ժովովրդին:
