Երեվանը խաղաղության պայմանագիրը ստորագրելու հարցում Բաքվի ձգտումը չի տեսնում. Միրզոյան

Երևանը խաղաղության պայմանագիրը ստորագրելու հարցում Բաքվի կողմից քաղաքական կամք չի տեսնում։ Այսօր Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ Միրզոյանը նշել է, որ վերջին 2-3 տարիներին մեծ աշխատանք է կատարվել՝ չնայած մարտահրավերներին, էսկալացիային, Հայաստանի տարածքների վրա հարձակումներին։ Շեշտել է՝ հայկական կողմը մշտապես կառուցողական է եղել բանակցություններում։
Ներկա իրավիճակում, ըստ Միրզոյանի, կա լավ և վատ լուր․ լավ լուրն այն է, որ հայկական կողմը կարողացել է հաջողություններ գրանցել ադրբեջանական կողմի հետ։ Այս համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնավորաբար ընդգծել է երկու երկրների միջև ստորագրված առաջին, երբևէ օրինական փաստաթուղթը՝ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը։
Ըստ Միրզոյանի՝ վատ լուրն այն է, որ հիմա մի իրավիճակ է, երբ կա գրեթե ամբողջությամբ համաձայնեցված համաձայնագրի նախագիծ, բայց այն չի ստորագրվում։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե համաձայնագրի ոչ բոլոր կետերն են համաձայնեցված՝ ԱԳ նախարարն ասել է՝ աշխարհում չկա երկու երկրների միջև ստորագրված մի համաձայնագիր, որը կարգավորի նրանց հարաբերությունների բոլոր բաղադրիչները։
Միրզոյանը հույս է հայտնել, որ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ը կարող է նպաստել խաղաղության գործընթացին։ Հիշեցրել է, որ Հայաստանը սատարել է Ադրբեջանին՝ այս գագաթնաժողովը հյուրընկալելու համար։
Անդրադառնալով հայ ժողովրդի շրջանում առկա մտահոգություններին՝ կապված անվտանգության հետ և նրան, թե ինչպես կարող կառավարությունը փարատել դրանք՝ Միրզոյանն ասել է, որ ինքը՝ որպես ԱԳ նախարար, չի կարող դա անել, որովհետև ինքն էլ չունի այդ վստահությունը։ Ադրբեջանը շարունակում է հայտարարությունները, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ, որը ներառում է Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկել էր ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Այն ժամանակ նա հայտնել էր, որ համաձայնեցվել է 16 հոդվածից 13-ը։
Ադրբեջանի նախագահն էլ  սեպտեմբերի 23-ին երկրի խորհրդարանում հայտարարել էր, որ հայկական կողմը, ուղարկելով Բաքվի վերջին առաջարկների պատասխանը, բոլոր չհամաձայնեցված դրույթները հանել է խաղաղության պայմանագրի նախագծից: Ալիևի խոսքերից ստացվում է, որ Երևանն իր վերջին պատասխանում փոխանցել է 16 հոդվածներից 13-ը: Նա հայկական ղեկավարության գործողություններն անվանել է «ոչ ադեկվատ և պարզունակ»։

You may also like...