Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության եվ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը: Այս մասին Petutyun.com–ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Հակոբ Արշակյանը ներկայացրել է գործադիր կոմիտեի կողմից կատարված աշխատանքը՝ հիմնված նախորդ նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա:
Մասնավորապես, զեկուցվել է 8 աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքը, որի տեսլականն է Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացումը՝ դարձնելով այն նորարարական արդյունաբերական զարգացած պետություն:
Հակոբ Արշակյանի խոսքով, աշխատանքներում ներգրավված են եղել շուրջ 70 մասնագետ, այդ թվում՝ գիտության ոլորտի ձեռներեցներ, հեղինակավոր անձինք Հայաստանից և Սփյուռքից:
Մանրամասներ են ներկայացվել կրթության, գիտության և արդյունաբերության ոլորտների կոմպոնենտներ պարունակող 5 ճյուղերի՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և գիտություններ, զարգացմանն ուղղված ծրագրերի ու առաջարկությունների վերաբերյալ:
Ընդգծվել է, որ գիտատեխնոլոգիական զարգացմանն առնչվող ծրագրերը և աշխատանքային խմբերի կողմից ներկայացված առաջարկությունները ներառվել են մեկ փաստաթղթում:
Նշվել է, որ բոլոր աշխատանքային խմբերի կողմից առաջարկ է եղել ունենալ գերազանցության կենտրոններ, որոնք իրենց մեջ կներառեն տաղանդի ներգրավման գիտական խորհուրդ, լաբորատոր ենթակառուցվածքներ, կիրականացնեն ժամանակակից խնդիրների ձևակերպման, գիտական աշխատանքի և տպագրության, ուսումնական հաստատությունների համար կրթական ծրագրերի հետ կապված աշխատանքներ և այլն:
Այս համատեքստում՝ Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է սահմանել փորձագետների ընտրության չափանիշ և որոշել, թե ինչ իրավակազմակերպական մեխանիզմով այն լավագույնը կաշխատի:
