Բայդենը Նեթանյահուին վերահաստատել է Իսրայելի անվտանգության նկատմամբ պողպատե հավատարմությունն ու դատապարտել Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջին 50 օրվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ փորձելով Վաշինգտոնի հետ համակարգել անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռներով հարձակմանն իսրայելական պատասխանի հավանական տարբերակները, գրում է Times of Israel-ը:

Իսրայելը խոստացել է կործանարար հաշվեհարդար տեսնել, սակայն Բայդենը դեմ է արտահայտվել Իրանի միջուկային կամ նավթի արդյունահանման օբյեկտները թիրախավորելուն: Նեթանյահուն արգելել է իր պաշտպանության նախարար Յոավ Գալանտին թռչել ԱՄՆ՝ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների համար, քանի դեռ չի խոսել Բայդենի հետ։

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահը երկար ժամանակ հիասթափված է Նեթանյահուի կողմից Գազայի հատվածում մղվող պատերազմից, ինչպես նաև Իսրայելի կռիվներից Լիբանանում: Բայդենին դուր չի գալիս, որ Նեթանյահուն ռազմավարություն չունի, թե ինչպես վերջ դնել հակամարտությունը:

Բայց Սպիտակ տունը չորեքշաբթի օրվա հեռախոսազրույցը որակել է «ուղիղ և արդյունավետ», իսկ Իսրայելի վարչապետի գրասենյակը նշել է, որ այն անցկացվել է «դրական ոգով»:

Սպիտակ տան հաղորդագրությունը որևէ նոր տեղեկատվություն չի առաջարկել Իրանի դեմ Իսրայելի հնարավոր պատասխան հարձակման հարցում ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ՝ ասելով, որ Բայդենը «հաստատել է Իսրայելի անվտանգությանն իր պողպատե հավատարմությունը և միանշանակ դատապարտել է» հոկտեմբերի 1-ին Թեհրանի հրթիռային հարվածը։

Լիբանանի վերաբերյալ ԱՄՆ նախագահն ընդգծել է դիվանագիտական պայմանավորվածության անհրաժեշտությունը՝ ինչպես լիբանանցի, այնպես էլ իսրայելցի քաղաքացիական անձանց անվտանգ վերադարձնելու իրենց տները: Նախագահը հաստատել է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանելու իր քաղաքացիներին Հեզբոլլահից, որը միայն անցած տարվա ընթացքում հազարավոր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա՝ միաժամանակ ընդգծելով խաղաղ բնակչությանը, մասնավորապես Բեյրութի խիտ բնակեցված շրջաններում վնասը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը։

Գազայի հատվածի առնչությամբ առաջնորդները քննարկել են ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող իսրայելցի պատանդներին ազատ արձակելու համար դիվանագիտական ջանքերն ավելացնելու հրատապ անհրաժեշտությունը: ԱՄՆ նախագահը նաև քննարկել է Գազայում հումանիտար իրավիճակը և դեպի հյուսիս մուտքը վերականգնելու հրամայականը՝ ներառյալ Հորդանանից միջանցքի անհապաղ աշխուժացումը։ Նրանք պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ առաջիկա օրերին ինչպես ուղղակիորեն, այնպես էլ իրենց ազգային անվտանգության թիմերի միջոցով:

You may also like...