Ախուրյանի Մայիսյան բնակավայրում այսօր անցկացվել է մարզի խորհրդի հերթական նիստը

Ախուրյանի Մայիսյան բնակավայրում այսօր անցկացվել է մարզի խորհրդի հերթական նիստը։
Օրակարգային առաջին հարցն առնչվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2024 թվականի երրորդ եռամսյակի կատարմանը։ Մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի համաձայն, հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 89 տոկոսով։ Ամենաբարձրը կատարվել է պետական տուրքը՝ 114.7 տոկոս, ամենացածրը անշարժ գույքի հարկը՝ 72 տոկոս։
«Մշտապես ասել եմ, որ սեփական եկամուտների հավաքագրումը համայնքների ղեկավարների ուղիղ պարտականությունն է, պետք է բոլոր ջանքերը ներդնեք, որպեսզի ցանկալի արդյունք ունենանք։ Կառավարությունն անում է հնարավորը մարզի բոլոր համայնքներում, բոլոր բնակավայրերում տարատեսակ ծրագրեր իրականացնելու, ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով, մեզ մնում է աշխատել և աշխատել առանց թերացումների։ Մարզխորհրդի նախորդ նիստի ընթացքում ներկայացված ցուցանիշը դրականորեն փոխվել է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էլ՝ 83 մլն դրամից ավելի գումար ենք հավաքագրել, քանի որ մեր առջև ավելի բարձր նշաձող էինք սահմանել, այս ամենով հանդերձ, անելիքներ ունենք դեռ և մեր համայնքների խնդիրը չորրորդ եռամսյակում 89 տոկոս ցուցանիշը կտրուկ բարձրացնելը պետք է լինի, այս հարցում մարզպետի աշխատակազմը ձեզ միայն աջակից ու հենարան է»,- իր խոսքում նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Այս մասին Petutyun.com–ին  տեղեցնում են Շիրակի մարզպետի  աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Նիստի  օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։
Ըստ Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանի, 2024-ի անցած ժամանակահատվածում ֆինանսավորվել է 22 ծրագիր (35 ենթածրագիր), ընդհանուր 3 մլրդ 132 մլն դրամ արժողությամբ, գումարի 55,7 տոկոսը Կառավարությունն է հատկացրել։
2024-ին ներկայացված 43 (164 ենթածրագիր) սուբվենցիոն ծրագրերից, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 11 մլրդ 67 մլն դրամ, հաստատվել է 24-ը (102 ենթածրագիր)՝ 6 մլրդ 261 մլն դրամ ընդհանուր արժեքով, ՀՀ կառավարության համամասնությունը 52.1 տոկոս է։
Շիրակի մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումների մասին օրակարգային հաջորդ հարցով զեկուցել է գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։ Ըստ այդմ, կատարվել է 47711 հա ցանք, ամբողջությամբ ավարտվել է աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը, հնձվել է շուրջ 34000 հա, միջին բերքը, ըստ նախնական կանխատեսումների, կազմում է 22-24 ց։ Ակտիվ ընթացքի մեջ է կարտոֆիլի բերքահավաքը, հավաքվել է շուրջ 60 հազար տոննա կարտոֆիլ, միջին բերքը՝ շուրջ 20 տոննա։ 2025-ի բերքի համար այսօրվա դրությամբ կատարվել է մոտ 5000 հա աշնանացան ցորենի ցանք։ «Բուսաբուծության աջակցության» պետական ծրագրի շրջանակներում մարզի 1512 շահառուի կողմից իրականացվել է շուրջ 5980 հա ցանք, փոխհատուցման գումարը կազմում է շուրջ 430.5 մլն դրամ։ Էկոնոմիկայի նախարարության կողմից մարզին անհատույց տրամադրված 1040 լիտր թունանյութով առավել վարակված 13000 հա տարածության վրա իրականացվել են մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ։
 Շիրակի մարզում 2024-ին իրականացվող քաղաքաշինական ծրագրերի և հողաշինության բնագավառին վերաբերող հարցերի մասին զեկուցել է մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանը։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում շարունակվում են 2 դպրոցների և 3 մանկապարտեզների շենքերի կառուցման աշխատանքները:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ մարզում շարունակվում են «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ-ի շենքի կառուցման աշխատանքները։ Սխալ նախագծման արդյունքում 3-րդ մասնաշենքի ծածկի քանդման անհրաժեշտություն է առաջացել: Պետության կրած վնասը կփոխհատուցի նախագծող կազմակերպությունը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվում են 8 ճանապարհաշինական ծրագրեր, 6-ը՝ 49.9 կմ երկարությամբ շուրջ 5 մլրդ դրամ գումարի շրջանակներում, 2-ը՝ 15.9 կմ երկարությամբ, շուրջ 2.3 մլրդ դրամ գումարի շրջանակներում։
Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին վերաբերող առանձին հարցերի և իրականացված աշխատանքների մասին զեկուցել է տարածքային կառավարման և ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ Բարսեղ Քոչարյանը։ Ըստ այդմ, 2024-ին մարզի երեք համայնքներում՝ Աշոցք, Ախուրյան, Անի, նախատեսված է իրականացնել իրավական և մասնագիտական հսկողություն: Ախուրյանում գործըթացը ընթացքի մեջ է, իսկ Անի համայնքում իրավական հսկողությունը նախատեսվում է իրականացնել չորրորդ եռամսյակում։ 2024-ին Շիրակի մարզպետի աշխատակազմ ներկայացվել է մարզի համայնքների ավագանիների և համայնքների ղեկավարների կողմից ընդունված 7703 որոշում։
Հաջորդիվ զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Մուշեղ Մարգարյանն անդրադարձել է իրականացված վարժական հավաքներին և զորակոչին: Զեկույցի համաձայն, հայտարարված զորակոչերին մարզին ներկայացված պահանջարկը կատարվել է 100 տոկոսով։ Իսկ 2023 թվականի ձմեռային զորակոչի արդյունքները, որն ավարտվել է 2024 թվականի հունվար ամսին, կազմել է 111․5 տոկոս, 2024 թվականի ամառային զորակոչի արդյունքները՝ 104․4 տոկոս:
Առողջապահության և սոցիալական հարցերի ոլորտում 2024 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկուցել է առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերով վարչության պետ Լեյլի Ասլանյանը։ Նշվել է, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ վճարովի ծառայությունների դիմաց ստացված եկամուտների գումարը կազմել է 951 մլն 418 հազար դրամ, 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 126 մլն 796 հազարով:
Հաշվետու ժամանակահատվածում մարզպետի աշխատակազմի ենթակայության բժշկական հաստատությունները հագեցվել են ժամանակակից բժշկական սարքավորումներով, մասնավորապես «Գյումրու բժշկական կենտրոնը» ձեռք է բերել 177 մլն դրամ արժողությամբ 64 սլայս հզորությամբ արհեստական բանականությամբ համակարգչային տոմոգրաֆ՝ անգիոգրաֆիկ և բոլիսային հետազոտության հնարավորություններով, կենտրոնում վարձակալական հիմունքներով տեղադրվել է իր տեսակի մեջ եզակի բարձրադաշտ մագինսառեզոնանսային սարք՝ օժտված վերջին սերնդի արհեսական բանականության ողջ գործիքակազմով: Մարզպետի միջնորդությամբ ՀՀ առողջապահության նախարարություն կողմից «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին տրամադրվել է շարժական թվային ռենտգեն սարք։
Ռենտգեն սարքի կարիք ունի նաև «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն, որի համար ևս մարզպետի աշխատակազմը դիմել է նախարարություն։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ Շիրակի մարզ տեղափոխված հայրենակիցներին աջակցելու նպատակով իրականացված աշխատանքների մասին էլ անդրադարձել է մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը՝  նշելով, որ  հոկտեմբերի տվյալներով մարզում հանգրվանել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3226 քաղաքացի, 916 ընտանիք։ Մարզի 24 բուժհաստատություններում հաշվառվել է 2923 քաղաքացի, նրանցից դեղորայք են ստացել, ստացիոնար բուժման և լաբորատոր-գործիքային հետազոտության է ուղեգրվել 1111 քաղաքացի։ Ծննդաբերել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 31 հղի (13տղա, 19 աղջիկ, 1 զույգ)։ Այս պահի դրությամբ հաշվառված է 18 հղի։
«Այսօր մեզ հետ մարզի խորհրդի նիստին մասնակցում են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի Շիրակի մարզից ընդգրկված անդամները՝  Նվեր Բարսեղյանը, Արթուր Մարտիրոսյանը, Վարուժան Սահակյանը, ուրախ եմ, որ մեզ հետ համատեղ փորձում եք անել հնարավորը մեր քույրերին և եղբայրներին օգնելու համար։
Իսկ մեր համայնքների, պատասխանատու մյուս ստորաբաժանումների ղեկավարներին կրկին հորդորում եմ ինչպես առաջին իսկ օրից եղել եք հոգատար ու ջերմ, այնպես էլ շարունակեք աշխատել՝ անելով հնարավորը նրանց հոգսերը օր առաջ թեթևացնելու և լուծելու համար, այստեղ բոլորս պետք է լինենք միասնական»,– նշել է Աննա Մարտիկյանը։

You may also like...