Սկսեցինք դպրոց կառուցել, պարզվեց դա անել չգիտենք, կպարզվի՝ խոսել էլ չգիտենք. Նիկոլ Փաշինյան
Այսօր Կառավարության նիստում խոսելով սելեկտիվ աբորտների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու օրակարգի հարց պետք է լինի, որովհետև դա յուրաքանչյուր քաղաքացու այսօրվա, վաղվա և ապագայի վրա ազդող գործոն է, որը պետք է հաշվի առնենք, պետք է խոսենք ի վերջո:
«Այն մոտեցումը՝ լավ եկեք այս թեմայի, այն թեմայի մասին չխոսենք, չխոսելու քաղաքականությունը, մանավանդ, ժողովրդավարության պայմաններում չի կարող ուղղակի գործել: Այլ բան, երբ խոսելու առիթներ ենք փնտրում և ստեղծում, մի իքս պահի պարզվում է, որ մենք խոսել չգիտենք:
Այն, որ սկսեցինք դպրոց կառուցել, տեսանք դպրոց կառուցել չգիտենք, սկսեցինք ինչ-որ բաներ անել, տեսանք դա էլ չգիտենք, հեսա կպարզվի, որ խոսել էլ չգիտենք, որովհետև հենց սկսում ենք խոսել 15-րդ րոպեից աթոռներն առնում ենք ու հագցնում իրար գլխի»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ սա շատ լուրջ պրոբլեմ է: «Մենք մեր պրոբլեմների խորությունը չենք գիտակցում, չենք էլ գիտակցի երբեք և պետք է վերադառնանք բովանդակություններին: Իմ մոտեցումն այն է, որ մենք պետք է գնանք, շարժվենք առաջ, հակառակ դեպքում, հասկանալի չի, թե ինչ է լինելու»,- շեշտեց նա:
