Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուրդելի թանգարանի տնօրեն Օֆելի Ֆերլիե-Բուային և Փարիզի թանգարաններ հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանին:

Այս մասին Petutyun.com-ին  տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի վարչությունը։

 Հանդիպմանը քննարկվել են անվանի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղում գտնվող հայրական տունն արվեստագետների կեցավայրի և ցուցահանդեսային տարածքի վերածման նախագծին առնչվող հարցեր: Ողջունելով հյուրերին՝ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ Մինաս Ավետիսյանի տան վերակառուցման ծրագիրը ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է:

Նախարարի տեղակալն այն կարևորել է նաև Շիրակի մարզում մշակութային կյանքի ակտիվացման և զբոսաշրջության զարգացման համատեքստում: Փարիզի թանգարաններ հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանը ներկայացրել է ծրագրի զարգացման ընթացքը: Հայաստան կատարած այցի շրջանակում Ֆրանսիայի թանգարանային ոլորտի ներկայացուցիչները երկու օր անցկացրել են Գյումրիում և Ջաջուռում, հանդիպել են նաև Մինաս Ավետիսյանի որդիների հետ՝ քննարկելու ծրագրի կենսունակությունը և իրագործման տեսլականը։

Ալֆրեդ Քոչարյանը, անդրադառնալով մշակույթի ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամի գործունեությունը` ընդգծելով, որ նորաստեղծ կառույցը մշակութային ծրագրերի իրագործման կազմակերպական աշխատանքներ է իրականացնում:

You may also like...